Միջազգային համագործակցություն

Հիմնադրումից ի վեր համագործակցությունը գործընկեր հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի հետ եղել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի գործունեության անկյունաքարերից մեկը:

 

Դիվանագիտական դպրոցի ձևավորման սկզբնական շրջանում Երևանում Եվրոպական Միության պատվիրակությունը և ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը խորհրդատվական և ֆինանսական ներդրում են ունեցել դասացուցակի ձևավորման և Դպրոցի տարածքի կահավորման գործում: Սկզբում հատուկ նշանակված խորհրդատուների, իսկ այնուհետև հատուկ ծրագրերի միջոցով Եվրոպական Միության պատվիրակությունը շարունակում է իր աջակցությունը Դպրոցին` ուսումնական ծրագրի իրականացումը ապահովելով բարձր որակավորում ունեցող դասախոսներով:

 

Ակտիվորեն համագործակցելով տասնյակ երկրներում գործող, դիվանագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտում մասնագիտացած այլ դիվանագիտական ակադեմիաների, դպրոցների և համալսարանների հետ` Դիվանագիտական դպրոցը ձևավորել է գործընկերների այնպիսի շրջանակ, որը հնարավորություն է ընձեռում  դասընթացն իրականացնել դիվանագիտական կրթության ներկա պահանջները, առաջնայնությունները և չափանիշներն արտացոլող ժամանակակից ուսումնական ծրագրով, և այդ ծրագիրն իրականացնել տասնյակ առաջատար կրթական հաստատություններից ժամանող առաջնակարգ դասախոսների օգնությամբ:

 

«Դիվանագիտական վերապատրաստման միջազգային ֆորումի շրջանակում, ինչպես նաև անմիջականորեն գործընկեր հաստատությունների, ակադեմիական ոլորտի աշխատակիցների, գիտնականների և դիվանագետների հետ փորձի և տեսակետների փոխանակումը, ինչպես նաև ISA (Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիա)  և CEEISA (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիա) համաժողովներին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում կանոնավոր կերպով թարմացնելու դասավանդման մեխանիզմները և համագործակցելու ոլորտի առաջատար արհեստավարժ մասնագետների հետ:

 

Դիվանագիտական դպրոցի դասախոսները ժամանում են բազմաթիվ երկրներից. ԱՄՆ, Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Հնդկաստան, Մալթա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդների Թագավորություն, Շվեյցարիա, Չեխիայի Հանրապետություն, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա:

Դիվանագիտական դպրոցը համագործակցության համաձայնագրեր է կնքել Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Բուլղարայի Հանրապետության, Էստոնիայի, Թուրքմենստանի, Ինդոնեզիայի Հանրապետության, Խորվաթիայի Հանրապետության, Չեխիայի Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Սերբիայի Հանրապետության, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության, Վրաստանի և Ուկրաինայի գործընկեր հաստատությունների հետ, ինպես նաև ՄԱԿ-ի Խաղաղության համալսարանի հետ:

 

Աջակցություն Հայաստանի դիվանագիտական դպրոցի կարողությունների զարգացմանը

 
 

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դիվանագիտական դպրոցի կարողությունների զարգացման ծրագիրը մեկնարկել է 2013թ. մայիսին և կօժանդակի Դիվանագիտական դպրոցի մի շարք ծրագրերի իրականացմանը մինչև 2017թ. ապրիլ. տես՛ ծրագրի մամլո հաղորդագրությունը: Օժանդակման այդ ծրագիրը երկարաձգվել է մինչև 2018թ.:

2020թ.-ի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն տասնմեկամսյա ծրագրի իրականացման համար ևս Դիվանագիտական դպրոցը ֆինանսական աջակցություն է ստացել Եվրոպական միության կողմից: Սույն ծրագիրը համավարակի պատճառով ավարտվել է 2021թ.-ին: 2021թ-ից սկսած ՀՀ կառավարությունը ստանձնել է նաև այս ծրագրի ծախսերը:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ