Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցի 2016-17 թթ. ունկնդիրների ուսումնական այցը Էստոնիա

31.10.2017

Կից լուսանկարներ

Դիվանագիտական դպրոցի  ունկնդիրները Էստոնիայի նախկին արտգործնախարար Մարինա Կալյուրանդի հետ

Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները Նախագահի նստավայրում

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 23-ից 27-ը տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցը Էստոնիա: Ունկնդիրները Տալլինում հանդիպումներ ունեցան Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունում, կառավարությունում, խորհրդարանում, նախագահի նստավայրում և մի շարք ոչ պետական կառույցներում, ինչպես նաև այցելեցին Տարտու։

Այցը մեկնարկեց հոկտեմբերի 23-ին Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ ունկնդիրները ծանոթացան էլեկտրոնային կառավարման էստոնական փորձին։ Նույն օրը ունկնդիրները Էստոնիայի դիվանագիտական դպրոցում  հանդիպում ունեցան Էստոնիայի դիվանագիտական դպրոցի տնօրեն Էկե Նոմի և դպրոցի անձնակազմի հետ։

Հոկտեմբերի 24-ից 26-ը ունկնդիրները հանդիպումներ ունեցան Էստոնիայի ԱԳՆ-ում, կառավարությունում, խորհրդարանում, ինչպես նաև նախագահի նստավայրում։ Ունկնդիրների համար դասախոսություններով հանդես եկան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում էին Էստոնիայի նախկին արտգործնախարար Մարինա Կալյուրանդը, նախկին արտգործնախարար և ներկայում Բալթիկ ծովի շրջանի գծով Էստոնիայի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Ռաուլ Մալկը, Ռուսաստանում և Նորվեգիայում նախկին դեսպան Սիմու Տիկը, պատգամավոր, Հայասատան Էստոնիա խորհրդարանական խմբի անդամ Կալե Պալինգը, նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Պետր Կուիմեթը։

Դասախոսությունների ընթացքում ունկնդիրները ծանոթացան Էստոնիայի արտաքին քաղաքականության մարտահրավերներին և առաջնահերթություններին, հայ-էստոնական հարաբերություններին, ԵՄ Խորհրդում Էստոնիայի նախագահության շրջանակներում իրականացվող ծրագրերին, ազգային անվտանգության համատեքստում տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորությանը և այլ թեմաների։ Հոկտեմբերի 25-ին ունկնդիրները նաև հնարավորություն ունեցան հանդիպելու  Մերձբալթյան երեք հանրապետություններում (նստավայրը Վիլնյուս) ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ, որը մանրամասն ներկայացրեց հայ-էստոնական հարաբերությունները։

Բացի պաշտոնական այցերից, ունկնդիրները Տալլինում հնարավորություն ունեցան այցելելու պատմամշակութային նշանակություն ունեցող տարբեր հաստատություններ և գիտահետազոտական կենտրոններ։

Այցի վերջին օրը ունկնդիրները այցելեցին Տարտու և հյուրընկալվեցին Տարտուի համալսարանում, որտեղ  ճանաչողական շրջայցից հետո հանդիպումներ ունեցան համալսարանի դասախոսական կազմի հետ։ Տարտուում ունկնդիրները նաև հնարավորություն ունեցան այցելել Էստոնիայի ազգային թանգարան։

Այցը կազմակերպվել էր Հայաստանի և Էստոնիայի դիվանագիտական դպրոցների համագործակցության շրջանակներում։