Լրահոս / Հայտարարություններ
Արտաքին քաղաքականության վերաբերյալ լրագրողների վերապատրաստման դասընթաց 2018
16.07.2018
Հուլիսի 16-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության նախաձեռնությամբ մեկնարկեց Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ լրագրողների վերապատրաստման դասընթացը:
Երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, տարածաշրջանային և գլոբալ խնդիրների վերաբերյալ ութօրյա դասընթացին մասնակցում են արտաքին քաղաքականությունը լուսաբանող լրագրողներ, իսկ դասախոսությունները վարում են ՀՀ ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, դեսպաններ և աշխատակիցներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Վահե Գաբրիելյանը իր խոսքում շեշտեց նմանատիպ դասընթացների կարևորությունը լրագրողների համար, նշելով որ դրանք հնարավորություն են տալիս լավ պատկերացում կազմելու Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցերի և դիվանգիտական գործունեության նրբությունների մասին։ Նա լրատվամիջոցների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց արտաքին քաղաքականության լուսաբանման որոշ առանձնահատկությունների և մարտահրավերների վրա և հույս հայտնեց, որ այս դասընթացի մասնակիցների աշխատանքում նկատելի կլինի դասընթացի արդյունքը։
Տիգրան Բալայանը նշեց, որ Դիվանագիտական դպրոցում լրագրողների համար կազմակերպվող արդեն ամենամյա դարձած այս դասընթացը անցկացվում է արդեն երրորդ անգամ, քանի որ կա դրա նկատմամբ հետաքրքրություն։
Այնուհետև Տիգրան Բալայանը հանդես եկավ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և հանրային դիվանագիտության վերաբերյալ ներածական դասախոսություններով։