Լրահոս / Հայտարարություններ

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցն Արցախ

18.05.2018

Կից լուսանկարներ

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հանդիպումը ԱՀ նախագահ Բ․ Սահակյանի հետ

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հանդիպումը ԱՀ ԱԺ նախագահ Ա․ Ղուլյանի հետ

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 12-ից 16-ը տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ամենամյա ուսումնական այցն Արցախ, որի ընթացքում ունկնդիրները հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալ Արցախյան իրականությանը։

Այցի առաջին օրը՝ մայիսի 12-ին Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ ԴԴ ունկնդիրներն այցելեցին Արաքսի հովիտ, Կովսական և Իշխանաձոր համայնքներ, և ծանոթացան այնտեղ իրականացվող խոշոր գյուղատնտեսական և զարգացման ծրագրերին։

Հաջորդ օրը ունկնդիրները այցելեցին ՊԲ զորամասներից մեկը, զրուցեցին զինվորների և սպաների հետ, տեղեկություններ ստացան զինվորական վարժանքի և տեխնիկայի մասին։

Մայիսի 15-ին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները հնարավորություն ունեցան հանդիպելու Արցախի հանրապետության ղեկավար կազմի հետ։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ունկնդիրներին ներկայացրեց արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և արտաքին գործերի նախարարության առջև այս փուլում դրված հիմնական խնդիրները:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը ունկնդիրները ծանոթացան Արցախի օրենսդիր մարմնի կողմից իրականացվող միջազգային համագործակցության ծրագրերին, ինչպես նաև երկրի ձեռքբերումներն օրենսդրական, քաղաքական և դիվանագիտական համատեքստում։

Նույն օրը Պետական նախարար Արայիկ Հարությունյանը ունկնդիրներին ծանոթացրեց Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկություններին` ընդգծելով Արցախի տնտեսության առջև դրված առաջնահերթությունները, ինչպես նաև Արցախի տնտեսության առձանագրած հաջողությունները։

Դպրոցի ունկնդիրներին ընդունեց նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը գոհունակությամբ նշեց, որ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների` Արցախ այցելելու` Դպրոցի տնօրենի նախաձեռնությունը դարձել է ավանդույթ, հատկապես կարևորելով ապագա դիվանագետների կողմից տեղում իրավիճակին ծանոթանալու հնարավորությունը։ Նախագահ Սահակյանն անդրադարձավ Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության մի շարք առանցքային խնդիրների և պատասխանեց ունկնդիրների հարցերին:

ԴԴ ունկնդիրները Ստեփանակերտում այցելեցին ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան և Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, ինչպես նաև «Ղարաբաղ Կարպետ» ձեռնարկություն, իսկ Շուշիում` Կերպարվեստի, գորգի, Շուշիի պատմության, հայկական դրամի և երկրաբանության թանգարաններ և Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն այցելեցին նաև Դադիվանքի, Գանձասարի և Ամարասի վանական համալիրներ, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, Հունոտի կիրճ, Տիգրանակերտի թանգարան և ծանոթացան մ.թ.ա. առաջին դարում հայոց արքա Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի` 2008թ.-ից իրականացվող պեղումների արդյունքներին: