Լրահոս / Հայտարարություններ
«Հարավային Կովկաս. իրողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով վերապատրաստման ծրագիր աֆրիկյան երկրների կրտսեր դիվանագետների համար
10.10.2025
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 10-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ «Հարավային Կովկաս. իրողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով վերապատրաստման երկրորդ ծրագիրը աֆրիկյան երկրների կրտսեր դիվանագետների համար:
Դասախոսություններով հանդես եկան հայ և օտարազգի փորձագետներ՝ ծրագրի մասնակիցներին ծանոթացնելով տարածաշրջանի իրողություններին:
Վերապատրաստման ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելեցին մշակութային տարբեր կենտրոններ՝ մայրաքաղաք Երևանում և դրանից դուրս, այդ թվում Հայաստանի պատմության թանգարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մատենադարան, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան ու այլ վայրեր:
Վերապատրաստման ծրագրի ավարտին Դիվանագիտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Պետրոսյանը մասնակիցներին հանձնեց ավարտական վկայականներ: Ծրագրի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ընձեռնված հնարավորության համար՝ ընդգծելով, որ վերապատրաստման ծրագիրը կարևոր էր ոչ միայն տարածաշրջանի վերաբերյալ գիտելիքները հարստացնելու առումով, այլ նաև եզակի հնարավորություն էր ճանաչելու Հայաստանը, ծանոթանալու երկրի պատմությանն ու Հայաստանի մշակութային ժառանգությանը:






