Դիվանագիտական դպրոցի հիմնադրման 15- ամյակը
Ժամանակագրություն և փաստեր
2024 թվականի սեպտեմբերի 23-ին, ՀՀ կառավարության կողմից այն հիմնելու մասին 2009 թվականի N 1111-Ն որոշումն ընդունելու օրը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը դարձավ 15 տարեկան:
- 15 տարի առաջ սեպտեմբերին Դիվանագիտական դպրոցը սկսեց իր գործունեության նախապատրաստական աշխատանքները և, ընդունելով իր առաջին՝ «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագրի ունկնդիրներին, 2010թ. հունվարին մեկնարկեց առաջին դասընթացը:
- 2010 թվականից սկսեցին ուսումնական այցերն Արցախի Հանրապետություն, որոնք շարունակվեցին մինչև Արցախի շրջափակումը: Այցերին մասնակցեցին «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» յուրաքանչյուր տարվա ծրագրի բոլոր ունկնդիրները և դիվանագետների վերապատրաստման 2019թ. ծրագրի մասնակիցները
- 2011 թվականից սկսվեցին «Հյուպատոսական գործունեություն» թեմայով տարեկան վերապատրաստման 1-ամսյա դասընթացները, որոնք անցկացվում են ՀՀ ԱԳՆ հյուպատոսկան վարչության հետ համատեղ:
- 2011 թվականից Դիվանագիտական դպրոցի տնօրենը սկսեց ակտիվորեն մասնակցել Դիվանագիտական կրթության միջազգային ֆորումին՝ աշխարհի տարբեր երկրների դիվանագիտական ակադեմիաների և հարժեք կառույցների տնօրենների ոչ-պաշտոնական ամենամյա հանդիպումներին:
- 2012 թվականից ԱԳՆ լրատվության վարչության հետ համատեղ սկսեցին կազմակերպվել արտաքին քաղաքական հարցեր լուսաբանող լրագրողների վերապատրաստման կանոնավոր դասընթացներ:
- 2012թ. գործարկվեց ԴԴ կայքէջը՝ ներառյալ դրա Ուսանողների ցանց և Շրջանավարտների ցանց բաժինները:
- 2013 թվականից սկսեցին ուսումնական այցերը միջազգային կառույցների եվրոպական կենտրոնակայաններ, որոնց աշխարհագրությունը ժամանակի ընթացքում ընդլայնվեց և այժմ ընդգրկում է Բրյուսելը, Ժնևը, Ստրասբուրգը և Վիեննան: Այցերին մասնակցում են «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» յուրաքանչյուր տարվա ծրագրի բոլոր ունկնդիրները:
- 2014թ. Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի ունկնդիրների համար Ռոսսոտրուդնիչեստվո գործակալության հետ համագործակցությամբ սկսվեցին ռուսերենի դասավանդման դասընթացները:
- 2014թ. սկսեցին դիվանագետների և պետական այլ գերատեսչությունների արտաքին հարաբերությունների համար պատասխանատու աշխատակիցների վերապատրաստման ամենամյա դասընթացները, որոնց տևողությունն այժմ շուրջ երեք ամիս է: 2019 թվականից դրանք անցկացվում են տարին 2 անգամ:
- 2014 թվականից Դիվանագիտական դպրոցը սկսեց ԱԳՆ հետ համագործակցությամբ իր նախորդ տարվա շրջանավարտներից տարեկան չորս դիվանագետի երկու ամսով գործուղել վերապատրաստման արտերկրում ՀՀ մշտական ներկայացուցչություններ: Ծրագիրը ֆինանսավորվում էր Դիվանագիտական դպրոցին ԵՄ աջակցության շրջանակներում: 2024 թվականին ՀՀ կառավարությունը ստանձնեց այս ծրագրի ամբողջական ֆինանսավորումը:
- 2014թ. Դիվանագիտական դպրոցը Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ կազմակերպեց հրավիրյալ բանախոսների մասնակցությամբ «Հայաստանի հանրային դիվանագիտության հեռանկարները» թեմայով սեմինար-քննարկում: Փորձագիտական մակարդակով քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԱԳՆ և այլ գերատեսչությունների արտաքին կապերի վարչությունների ղեկավարներ և աշխատակիցներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների, վերլուծական կենտրոնների, հասարակակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:
- 2015թ. «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի ունկնդիրների համար, իսկ հետո նաև ԱԳՆ աշխատակիցների համար ներմուծվեց «Անգլերեն դիվանագետների համար» դասընթացը, որը մշակվել էր ՄԹ և ԱՄՆ լեզվի ժամանակակից ուսուցման առաջատար կենտրոնների հետ համագործակցությամբ:
- 2015թ. Դիվանագիտական դպրոցը կազմակերպեց Էլեկտրոնային դիվանագիտությանը նվիրված միջազգային խորհրդաժողով, որին մասնակցեցին շուրջ քսանհինգ երկրների ներկայացուցիչներ:
- 2017թ. և 2018թ. լավագույն տասնհինգ ունկնդիրների համար կազմակերպվեցին լրացուցիչ ուսումնական այցեր Էստոնիա՝ Տալլին և Տարտու:
- 2018թ. ԴԴ նախաձեռնությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվեց արտերկրից հրավիրյալ փորձագետների կողմից վարվող՝ «Գիտության դիվանագիտություն» սեմինար-դասախոսություն, որի ժամանակ ներկայացվեց գիտության և տեխնոլոգիայի դիվանագիտության ոլորտը, վերլուծվեցին Եվրոպական միության, Հյուսիսային Ամերիկայի և ասիական երկրներից օրինակներ և դրանց դասերը։
- 2018 թվականին ԴԴ տնօրենի նախաձեռնությամբ և աշխատակիցների մասնակցությամբ գործարկվեց 1918 թվականից մինչ օրս Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին նվիրված և օպերատիվ կերպով թարմացվող հանրագիտարանային «Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներ» կայքէջը:
- 2019 թվականից ՀՀ կառավարությունը ստանձնեց դիվանագետների և պետական այլ գերատեսչությունների արտաքին հարաբերությունների համար պատասխանատու աշխատակիցների վերապատրաստման տարին երկու անգամ անցկացվող դասընթացների ֆինանսավորումը, ինչը նախկինում տարեկան մեկ անգամ իրականացվում էր Եվրոպական միության աջակցությամբ:
- 2019թ. Դիվանագիտական դպրոցում բացվեց Դպրոցի հիմնադրման 10-ամյակին նվիրված մշտական ցուցահանդես:
- 2020թ. Դիվանագիտական դպրոցը հրատարակեց Արման Խաչատրյանի «Բանակցությունները բազմակողմ հարթակներում» աշխատությունը:
- 2021 թվականից ՀՀ կառավարությունը ստանձնեց նաև նախկինում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԴԴ «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագրի բոլոր բաղադրիչների ֆինանսավորումը:
- 2021 թվականից Դիվանգիտական դպրոցը սկսեց գերմաներենի, իսպաներենի, թուրքերենի և ադրբեջաներենի ուսուցում դիվանագետների համար, ինչպես նաև ադրբեջաներենի և վրացերենի ուսուցում «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագրի ունկնդիրների համար:
- 2021թ. Դիվանագիտական դպրոցը հրատարակեց «Դիվանագիտական դպրոց. վկայություններ» երկլեզու հատորը և Հովհաննես Վիրաբյանի «Պետական արարողակարգ» աշխատությունը:
- 2021թ. Դիվանագիտական դպրոցը սկսեց երկշաբաթյա վերապատրաստման դասընթաց Իրաքյան Քուրդիստանի կրտսեր դիվանագետների համար և հաջողությամբ իրականացրեց այն նաև 2022թ. և 2023թ.: Այս ծրագրի չորրորդ դասընթացը նախատեսված է 2024թ. նոյեմբերին:
- 2023 թվականից ԴԴ գործունեությանը ծանոթանալու նպատակով տարբեր բուհերի, քոլեջների և դպրոցների ուսանողների և աշակերտների ԴԴ կատարած այցերը դարձան պարբերական՝ շաբաթը մեկ անգամ:
- 2023թ. Դիվանագիտական դպրոցը թրաֆիքինգի թեմայով առցանց դասընթաց կազմակերպեց արտերկրում ծառայող ՀՀ հյուպատոսների համար:
- 2024թ. Դիվանագիտական դպրոցն ընդլայնեց արտերկրի կրտսեր դիվանագետների վերապատրաստման իր ծրագիրը և «Հարավային Կովկաս. Իրողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» երկշաբաթյա դասընթացին, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է ՀՀ բյուջեից Դիվանագիտական դպրոցին հատկացրած միջոցներով, մասնակցեցին Մերձավոր և Հեռավոր Արևելքի, ԱՖրիկայի և Հարավային Ամերիկայի տասնհինգ երկրների կրտսեր դիվանագետներ:
- 2024թ. առաջին անգամ կազմակերպվեց վերապատրաստման դասընթաց ապակենտրոնացված միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաների՝ տեղական ինքնակառավարման մարմինների և մարզպետարանների աշխատակիցների համար:
- 2024թ. դիվանագիտական դպրոցը նոր՝ «Ռազմավարական հաղորդակցություն» և «Բաց աղբյուրներից տեղեկատվության ստացում» մեկշաբաթյա դասընթացներ կազմակերպեց ԱԳՆ կենտրոնական ապարատում աշխատող դիվանագետների և շահագրգիռ գերատեսչությունների աշխատակիցների համար:
- 2024թ. Դիվանագիտական դպրոցը կազմակերպեց «Հանրային դիվանագիտությունը էլեկտրոնային դարաշրջանում. դասեր Հայաստանի համար» խորագրով համաժողովը, որը նախատեսված էր դիվանագետների, ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների ղեկավարների, մամուլի քարտուղարների, տեղական ինքնակառավարման մարմինների՝ ապակենտրոնացված միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաների, փորձագետների և այս ոլորտում հետազոտություններ իրականացնողների համար:
- 2012-2024թթ. ընթացքում Դիվանագիտական դպրոցը համագործակցության հուշագրեր է ստորագրել տարբեր երկրների՝ դիվանագիտական կրթության քսանհինգ հաստատությունների՝ ինստիտուտների, ակադեմիաների և դպրոցների հետ:
- 2010-2024թթ. ընթացքում «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագրի ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով դիմել են շուրջ հազար երկու հարյուր դիմորդներ, Դպրոց են ընդունվել շուրջ երեք հարյուրը և ավարտել են շուրջ երկու հարյուր հիսունը: Դիվանագիտական կադրերի պատրաստման այս ծրագրի շրջանավարտների վաթսուն տոկոսը ընդունվել է աշխատանքի ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:
- 2011-2024թթ. ընթացքում Դիվանագիտական դպրոցի վերապատրաստման տարբեր ծրագրերին մասնակցել են ՀՀ ԱԳՆ և այլ պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների շուրջ հինգ հարյուր ներկայացուցիչներ: