Լրահոս / Հայտարարություններ
Ուսումնական այց միջազգային և եվրոպական կառույցներ
23.05.2025
Մայիսի 7-ից 22-ը տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2024-25թթ. դասընթացի ունկնդիրների ուսումնական այցը Վիեննայում, Ստրասբուրգում, Ժնևում և Բրյուսելում տեղակայված միջազգային և եվրոպական կառույցների կենտրոնակայաններ:
Վիեննայում ունկնդիրներն այցելեցին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ) և ՄԱԿ-ի գրասենյակ: Նրանք հնարավորություն ունեցան ներկա գտնվել ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի աշխատանքներին:
Վիեննայում այցի ընթացքում ունկնդիրները ծանոթացան նաև Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգությանն ու գործունեությանը, ինչպես նաև այցելեցին Վիեննայի դիվանագիտական ակադեմիա և հանդիպեցին ակադեմիայի տնօրենի հետ:
Ստրասբուրգում այցելություններ տեղի ունեցան Եվրոպայի խորհուրդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Եվրոպական խորհրդարան:
Ժնևում ունկնդիրները հանդիպեցին ՄԱԿ-ում Խաղաղության համալսարանի մշտական դիտորդի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարների գրասենյակների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ), ինչպես նաև ՄԱԿ-ի վերապատրաստման և հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Նրանք նաև շրջայց կատարեցին Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանում և այցելեցին ԿԽՄԿ թանգարան:
Բրյուսելում հանդիպումներ տեղի ունեցան Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում, Եվրոպական խորհրդարանում, Եվրոպական հանձնաժողովում և Բելգիայի դաշնային խորհրդարանում: Այցի ընթացքում կազմակերպվեցին քննարկումներ Հայաստանի և տարածաշրջանի հետ աշխատող ներկայացուցիչների հետ:
Բրյուսելում ունկնդիրներն այցելեցին նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ լսեցին դասախոսություններ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների և կազմակերպության առջև ծառացած մարտահրավերների մասին:
Ուսումնական այցի մասնակիցների տպավորություններն ամբողջացան նշված քաղաքներում ՀՀ մշտական ներկայացուցչություններ, դեսպանություններ այցելությունների և ՀՀ դեսպանների ու դիվանագետների հետ հանդիպումների շնորհիվ: