Լրահոս / Հայտարարություններ
«Հանրային դիվանագիտությունը էլեկտրոնային դարաշրջանում. դասեր Հայաստանի համար» խորագրով համաժողով
22.03.2024
2024թ. մարտի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի կազմակերպած՝ «Հանրային դիվանագիտությունը էլեկտրոնային դարաշրջանում. դասեր Հայաստանի համար» խորագրով համաժողովը: Միջոցառումը նախատեսված էր դիվանագետների, ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների ղեկավարների, մամուլի քարտուղարների, տեղական ինքնակառավարման մարմինների՝ ապակենտրոնացված միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաների, փորձագետների և այս ոլորտում հետազոտություններ իրականացնողների համար:
Համաժողովի նպատակն էր ոլորտի միջազգային փորձագետների, ինչպես նաև հանրային դիվանագիտության համար Հայաստանի և այլ երկրների պատասխանատու պաշտոնյաների քննարկման առարկա դարձնել էլեկտրոնային դարաշրջանում հանրային դիվանագիտության զարգացման ներկա միտումները և դրանց, ինչպես նաև տարբեր երկրների փորձի հիման վրա, առաջարկել Հայաստանի հանրային դիվանագիտության համար կիրառական գործնական քայլեր:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը, ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Իննա Թորգոմյանը և Օքսֆորդի համալսարանի դասախոս, Էլեկտրոնային դիվանագիտության հետազոտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Կորնելիու Բյոլան:
Հանրային դիվանագիտության հնարավորությունների և մարտահրավերների, էլեկտրոնային հանրային դիվանագիտության, էլեկտրոնային ապատեղեկատվության դեմ պայքարի, արհեստական բանականության կիրառման, հանրային դիվանագիտության հայկական, էստոնական և ռումինական փորձի և այլ հարցերի մասին ելույթներով հանդես եկան Էլեկտրոնային և հանրային դիվանագիտության միջազգային հեղինակավոր փորձագետ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Կորնելիու Բյոլան, Օքսֆորդի համալսարանի տեխնոլոգիայի և դիվանագիտական ուսումնասիրությունների դասախոս Ջենիֆեր Քասիդին, ՄԹ Շեֆիլդի համալսարանի հասարակայնության հետ կապերի և ռազմավարական հաղորդակցության ավագ դասախոս Պավել Սուրովիեց-Կապելը, ՄԹ Շեֆիլդի համալսարանի ապատեղեկատվության վերաբերյալ հետազոտական խմբի համաղեկավար, լրագրության և գլոբալ հաղորդակցության դասախոս Դանի Մադրիդ-Մորալեսը, Ռումինիայի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Իուլիան Ֆոտան, Դիվանագիտության էստոնական դպրոցի տնօրեն Էկե Նոմը, ՀՀ փոխվարչապետի օգնական և մամուլի խոսնակ Անի Բաբայանը:
Համաժողովի ամփոփիչ քննարկման նիստում առաջ քաշվեցին միջազգային փորձի հիման վրա երկրների հանրային դիվանագիտության արդյունավետության բարձրացման գաղափարներ և առաջարկներ:
Armenpress լրատվականի անդրադարձը