Լրահոս / Հայտարարություններ
Վերապատրաստման ծրագիր Իրաքյան Քուրդիստանի դիվանագետների համար
06.10.2023
2023 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 6-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում Իրաքյան Քուրդիստանի տարբեր գերատեսչություններում աշխատող դիվանագետների համար անցկացվեց վերապատրաստման երրորդ ծրագիրը: Ծրագրի նպատակն էր բարելավել և կատարելագործել մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, կարճ ժամանակահատվածում ներածական գիտելիքներ հաղորդել միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մասին (միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի, միջազգային քաղաքատնտեսության ներածություն և այլն):
Երիտասարդ դիվանագետների համար դասախոսություններ էին կազմակերպվել նաև միջազգային հարաբերությունների ոլորտում ընթացող գլոբալ և տարածաշրջանային իրողությունների, արտաքին քաղաքականության իրականացման տարբեր կողմերի մասին, միջազգային կազմակերպությունների և կառույցների գործունեության, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների վերաբերյալ:
Վերապատրաստման ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելեցին ՀՀ մշակութային կենտրոններ, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Վերապատրաստման ծրագրի ավարտին Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը մասնակիցներին հանձնեց ավարտական վկայականներ: Դեսպան Գաբրիելյանը շնորհավորեց մասնակիցներին և հույս հայտնեց, որ ծրագիրը օգտակար կլինի ինչպես դիվանագետների հետագա գործունեության, այնպես էլ Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև հարաբերությունների հետագա խորացման համար:
Ծրագրի մասնակիցները ընդգծեցին ստացած փորձի և գիտելիքների կարևորությունը և շնորհակալություն հայտնեցին նաևՀայաստանի պատմությանն ու մշակութային ժառանգությանը ծանոթանալու հնարավորության համար: