Լրահոս / Հայտարարություններ
Դիվանագիտական դպրոցի տնօրենի հանդիպումները Բրյուսելում
29.11.2022
Նոյեմբերի 28-ին և 29-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը Բրյուսելում հանդիպումներ ունեցավ Եվրոպական միության նոր ձևավորվող դիվանագիտական ակադեմիայի հարցերով Եվրոպական միության արտաքին ծառայության գլխավոր խորհրդական Ֆերնանդո Ջենտելինիի և Բելգիայի Թագավորության Էգմոնտ ինստիտուտի ներկայացուցիչ Բերնար Սիմանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի և նշված հաստատությունների միջև դիվանագետների կրթության և գիտահետազոտական աշխատանքների ոլորտներում համագործակցության հաստատման հարցեր:
«Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված ժառանգություն» ցուցահանդես
Բրյուսելում նոյեմբերի 28-ին դեսպան Գարիելյանը նաև մասնակցեց և ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությանը, որի համադրողը և հիմնական հեղինակն է: Ցուցահանդեսը նպատակ ունի Եվրոպական միության խորհրդարանի անդամներին, ԵՄ և այլ պաշտոնյաների և խորհրդարանի այցելուներին ցույց տալ Արցախի հայկական ժառանգությունը և ուշադրություն հրավիրել 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով այդ ժառանգությանը սպառնացող իրական վտանգի վրա: Ցուցահանդեսը կազմակերպվել էր Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյի (Ֆրանսիա) և Եվրոպական միությունում ՀՀ մշտական ներկայացուցչության ջանքերով: