ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2024-25թթ. դասընթացի մասնակցության մրցույթ:

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, դիմումի հայտը հանձնելու պահին 35 տարին չլրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկով»* սահմանված որակավորում և չեն տառապում ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված՝ «Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում»* նշված որևէ հիվանդությունով:

Դասավանդման լեզուներն են հայերենը և  անգլերենը:  Նշված, լեզուների, ինչպես նաև դիմորդի ընտրությամբ ևս մեկ օտար լեզվի  գերազանց իմացությունը պարտադիր է: Լեզուների իմացությունը ստուգվելու է քննության թե՛ գրավոր, թե՛ բանավոր փուլերում: Իր տիրապետած երկրորդ օտար լեզվի մասին դիմորդը նախօրոք նշում է կատարում ընդունելության մրցույթին մասնակցելու դիմում-հայտում: 

Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:

Դասընթացը կմեկնարկի 2024թ. սեպտեմբերին և կավարտվի 2025թ. հուլիսին: Ուսումն անվճար է:

Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ և դիմումի ձևը բեռնել Դիվանագիտական դպրոցի կայքի «ընդունելություն» բաժնից՝ https://www.diplomaticacademy.am/hy/admission/ կամ            https://diplomaticschool.am/hy/admission/ հասցեներով:

Էլեկտրոնային եղանակով դիմումները գրանցած, պահանջվող փաստաթղթերը էլեկտրոնային փոստին ուղարկած և դիմումի հետ մյուս ստոգրված անհրաժեշտ փաստաթղթերը Դիվանագիտական դպրոց ներկայացրած դիմորդները 2024թ. հունիսի 17-ին կհրավիրվեն գրավոր քննության առաջին փուլին, որը կազմված է ՀՀ Սահմանադրության, հայոց պատմության և համաշխարհային պատմության, աշխարհագրության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ընդհանուր զարգացվածության և տրամաբանության հարցերի վերաբերյալ բազմակի պատասխաններից ընտրությամբ թեստից և դասավանդման լեզուներով մասնագիտական տեքստերի թարգմանությունից: Գրավոր քննության առաջին փուլը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն գրավոր քննության երկրորդ փուլին (միջազգային հարաբերությունների/արտաքին քաղաքականության վերաբերյալ թեմայով շարադրություն): Երկրորդ փուլը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Լավագույն դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացին:

Դիմորդներից ակնկալվում է աշխարհում ընթացող՝ միջազգային հարաբերությունների ոլորտին վերաբերող հիմնական իրադարձությունների մասին տեղեկացվածություն:

Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական և գործնական առարկաներից: Դասավանդվող առարկաներից ունկնդիրները կհանձնեն ընթացիկ քննություններ, որոնց արդյունքները, ավարտական քննության, հաճախումների, այցերի մասնակցության և պրակտիկայի գնահատականների հետ, մաս կկազմեն հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ՀՀ ԱԳ նախարարությունում:

Դասընթացն անցկացվելու է Դիվանագիտական դպրոցում (Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք): Դասերն անցկացվելու են ամեն աշխատանքային օր, օրվա երկրորդ կեսին:

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. ապրիլի 22-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ.

1.լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը   https://admission.diplomaticacademy.am/  հղումով  ապա

2.ապրիլի 22-ից մինչև հունիսի 14-ը ներառյալ անձամբ հանձնել ստորագրված դիմումը և պահանջվող մյուս փաստաթղթերը ՀՀ դիվանագիտական դպրոցում՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, ամեն աշխատանքային օր՝ ժ. 10.00-17.30 (ընդմիջում՝ ժ. 13.00-14.00):

Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 060620221, 060620251, 060620254 հեռախոսահամարներով կամ contact@diplomaticacademy.am էլեկտրոնային փոստի հասցեով:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկին» և «Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին» կարելի է ծանոթնալ Դիվանագիտական դպրոցի կայքի Ընդունելություն բաժնում:

 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ