Լրահոս / Հայտարարություններ
Արտաքին քաղաքականության վերաբերյալ լրագրողների վերապատրաստման դասընթաց ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում
12.09.2017
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում մեկնարկեց Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ լրագրողների վերապատրաստման դասընթացը:
Երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, տարածաշրջանային և գլոբալ խնդիրների վերաբերյալ քառօրյա դասընթացին մասնակցում են արտաքին քաղաքականությունը լուսաբանող հայաստանյան և արցախյան երկու տասյակից ավելի լրատվամիջոցների լրագրողներ: Դասախոսությունները վարում են ՀՀ ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները:
Ողջույնի խոսքով հանդես եկան Դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանը և ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Իր խոսքում Վահե Գաբրիելյանը շեշտեց նմանատիպ դասընթացների կարևորությունը լրագրողների համար, որը բացառիկ հնարավորություն է առավել խորը ծանոթանալու Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցերին և դրանց շուրջ ծավալվող դիվանգիտական գործունեության նրբություններին։
Վահե Գաբրիելյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց արտաքին քաղաքականության լուսաբանման որոշ առանձնահատկությունների և մարտահրավերների վրա և հույս հայտնեց, որ այս դասընթացի մասնակիցների աշխատանքում նկատելի կլինի դասընթացի արդյունքը։
Տիգրան Բալայանը նշեց, որ սա Դիվանագիտական դպրոցում լրագրողների համար կազմակերպվող արդեն երկրորդ դասընթացն է, և մտադրություն կա դրանք պարբերական դարձնելու։ ԱԳՆ մամուլի խոսնակի բնորոշմամբ դասընթացը կարող է տեղեկատվության փոխանակման ոչ ֆորմալ ձևաչափ հանդիսանալ, ինչն օգտակար է թե՛ արտգործնախարարության, թե՛ լրագրողների համար։
Այնուհետև Տիգրան Բալայանը հանդես եկավ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ ներածական դասախոսությամբ։