Լրահոս / Հայտարարություններ

ԴԴ ունկնդիրների 2017թ.այցն Արցախ

15.05.2017

Կից լուսանկարներ

ԴԴ ունկնդիրների հանդիպումը Արցախի նախագահի հետ

ԴԴ ունկնդիրների հանդիպումը Արցախի վարչապետի հետ

 

 

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 11-ից 14-ը տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ամենամյա ուսումնական այցն Արցախ:

Մայիսի 12-ի առավոտյան Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ ԴԴ ունկնդիրներն այցելեցին ՊԲ զորամասներից մեկը, զրուցեցին զինվորների և սպանների հետ, տեղեկություններ ստացան զինվորական վարժանքի և տեխնիկայի մասին, ապա այցելեցին նաև սահմանապահ առաջին գիծ՝ դիրքեր և ծանոթացան մարտական պատրաստականության առանձնահատկություններին ու ծառայողների առօրյային:

Նույն օրը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հանդիպեցին նախարար Կարեն Միրզոյանի և նախարարության ղեկավար անձնակազմի, ապա Արցախի Ազգային Ժողովի նախագահի Աշոտ Ղուլյանի հետ:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Դպրոցի ունկնդիրներին ներկայացրեց արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և արտաքին գործերի նախարարության առջև այս փուլում դրված հիմնական խնդիրները:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ունկնդիրներին ծանոթացրեց Արցախի օրենսդիր մարմնի կողմից իրականացվող միջազգային ծրագրերին, ներկայացրեց երկրի ձեռքբերումներն օրենսդրական, քաղաքական, դիվանագիտական և այլ խնդիրների համատեքստում։

Մայիսի 13-ին տեղի ունեցավ ունկնդիրների հանդիպումը վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, ով ծանոթացրեց Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկություններին` ընդգծելով Արցախի տնտեսության առջև դրված առաջնահերթությունները:

Նույն օրը՝ երեկոյան, Դպրոցի ունկնդիրներին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը գոհունակությամբ նշեց, որ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների` Արցախ այցելելու` Դպրոցի տնօրենի նախաձեռնությունը դարձել է ավանդույթ, ինչը հատկապես կարևոր է ապագա դիվանագետների մասնագիտական ունակությունների կատարելագործման համար: Նա բարձր գնահատեց Դիվանագիտական դպրոցի և Արցախի տարբեր գերատեսչությունների միջև խորացող համագործակցությունը: Նախագահ Սահակյանն անդրադարձավ Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության մի շարք առանցքային խնդիրներին և պատասխանեց ունկնդիրների հարցերին:

ԴԴ ունկնդիրները Ստեփանակերտում այցելեցին ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան և Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, իսկ Շուշիում` պատկերասրահ, գորգի և երկրաբանության թանգարաններ:

Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն այցելեցին նաև Դադիվանքի ու Գանձասարի վանական համալիրներ, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի, Հունոտի կիրճը, Տիգրանակերտի թանգարան և ծանոթացան մ.թ.ա. առաջին դարում հայոց արքա Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ քաղաքի` 2008թ.-ից իրականացվող պեղումների արդյունքներին: