Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցի ուսումնական այցը Բրյուսել և Վիեննա

03.04.2017

Կից լուսանկարներ

Դիվանագիտական դպրոցի ուսումնական այցը Բրյուսել և Վիեննա

Դիվանագիտական դպրոցի ուսումնական այցը Բրյուսել և Վիեննա

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Մարտի 25-31-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և աշխատակիցների հերթական այցը Բրյուսել և Վիեննա: Եվրոպական Միության, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ), ՆԱՏՕ-ի կենտրոնակայաններ և ՄԱԿ-ի գրասենյակ, ինչպես նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ամենամյա ուսումնական այցը Դիվանագիտական դպրոցի ուսումնական ծրագրում ընդգրկվել է 2013 թվականից:

Մարտի 27-28-ին ԴԴ ունկնդիրներն այցելեցին ԵՄ հիմնական կառույցներ` Հանձնաժողով, Խորհուրդ, Արտաքին գործերի ծառայություն և Եվրոպական խորհրդարան: ԵՄ, ինչպես նաև մյուս կառույցներում ունկնդիրների համար կազմակերպվել էին Դիվանագիտական դպրոցում ստացած գիտելիքների հենքի վրա կառուցված դասախոսություններ, որոնց հաջորդեցին հարց ու պատասխաններ:

Բրյուսելում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ լսեցին դասախոսություններ ՆԱՏՕ - Հայաստան հարաբերությունների, ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ու անվտանգության նոր մարտահրավերների մասին: Այնուհետև ունկնդիրները հանդիպեցին ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ:

Ապագա դիվանագետներին Բրյուսելում ընդունեց նաև ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Թաթուլ Մարգարյանը՝ ներկայացնելով ՀՀ ներկայացուցչության և Բելգիայում ՀՀ դեսպանության աշխատանքները և պատասխանելով նրանց բազմաթիվ հարցերին:

Բելգիայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև Բրյուգե քաղաքում գտնվող, ԴԴ երկարամյա գործընկեր Եվրոպայի քոլեջ և տեղում ծանոթացան Քոլեջի գործունեությանը: Հանդիպմանը մասնակցեցին նաև Քոլեջում սովորող հայասատանյան ուսանողներ:

Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին ԵԱՀԿ, որտեղ նրանց համար կազմակերպվել էին դասախոսություններ ԵԱՀԿ գործունեության, մասնավորապես Հարավային Կովկասում կազմակերպության ներկայության, ինչպես նաև ԵԱՀԿ ներկա մարտահրավերների վերաբերյալ: Ունկնդիրները հնարավորություն ունեցան ներկա գտնվել նաև ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի աշխատանքներին:

ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև Միավորված ազգերի կազմակերպություն` Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպություն և հանդիպումներ ունեցան կառույցների համապատասխան պատասխանատուների հետ, ինչպես նաև կատարեցին շրջայց ՄԱԿ-ի շենքում:

Վիեննայում նույնպես ԴԴ ունկնդիրները այցելեցին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթացան ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Ավստրիայում ՀՀ դեսպանության աշխատանքներին:

Վիեննայում ԴԴ ունկնդիրներն այցելեցին նաև Մխիթարյան միաբանություն և ծանոթացան հայկական մշակույթի նշանակալից օջախներից մեկի գործունեությանն ու մշակութային հսկայական ժառանգությանը:

ՀՀ դիվանագիտական դպրոցի այցը ԵՄ և միջազգային կառույցներ ֆինանսավորել էր Եվրոպական Միությունը` ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին ցուցաբերվող շարունակական օժանդակության ծրագրի շրջանակներում:  

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ